Շուրջ մեկ ամիս է` հանրության, լրատվամիջոցների, հայտնի անձանց ուշադրության կենտրոնում Գյումրին է: Երկրաշարժից անցել է 27 տարի: Անօթևան մնացած ընտանիքները թիվը հասնում է 3000-ի:
Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը շուրջ մեկ ամիս առաջ բրիտանական Crowdfunder կայքում հաշվեհամար է բացել` գյումրեցի 13 անօթևան ընտանիքի բնակարանով ապահովելու նպատակով: Հայկին միացել են տարբեր անձինք` տարաբնույթ նախաձեռնություններով, կազմվել է բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր:
Միջազգային դրամահավաքի շրջանակում մարտի 19-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում տեղի կունենա բարեգործական աճուրդ: Վաճառվելու են մարզաշխարհի ներկայացուցիչների և այլ հայտնի անձանց նվիրաբերած խորհրդանշական իրերը: Աճուրդի կազմակերպիչը «SOS Գյումրի» նախաձեռնության անդամ, «1in.am Սպորտ»-ի խմբագիր ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ է: «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ աճուրդին միացել է ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը, որը «Բարսելոն» ֆուտբոլային ակումբի հայաստանյան միակ ներկայացուցիչն է. «Սենիկ Կարա-Պողոսյանը բարեգործական աճուրդին նվիրաբերել է դրոշ, որի վրա 2009-ին ստորագրել են Լիոնել Մեսին, Տիերի Անրին, Չավին, Ինիեստան, Դանի Ալվեսը, Պույոլը, ընդհանուր առմամբ՝ տասը ֆուտբոլիստներ, և գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Տարեթիվը պատահական չի ընտրված: 2008-09 թթ. մրցաշրջանում «Բարսելոնը» նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները, նաև Չեմպիոնների լիգայի գավաթը: Բարեգործական աճուրդի բացառիկ իրերի շարքում իրենց տեղը կունենան «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստների ստորագրությամբ գնդակը (ցավոք, նրանցից մի քանիսն արդեն ողջ չեն), համաշխարհային աստղեր Ռուուդ վան Նիստելռոյի, Կլարենս Զեեդորֆի, Ջեննարո Գատուզոյի ստորագրությամբ լուսանկարները»:
Հայ հայտնիներից միջոցառմանը միացել են Լևոն և Արսեն Ջուլֆալակյանները, Հենրիխ Մխիթարյանը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով Յուրի Ջորկաեֆի ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել:
Արեն Մկրտչյանը նշեց նաև, որ մեծ թվով արվեստագետներ, վարպետներ նվիրելու են իրենց ձեռքի աշխատանքները, բայց քանի որ դրանք աճուրդի բովանդակությանը չեն համապատասխանում, կվաճառվեն օնլայն աճուրդի տարբերակով:
Նշենք, որ բարեգործական այս ակցիային միացել էր նաև աշխարհահռչակ ջազ երաժիշտ, գյումրեցի դաշնակահար Տիգրան Համասյանը՝ նվիրելով իր վերնաշապիկը: Համասյանը նաև առաջարկել էր համերգ տալ: Գյումրու «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասում համերգից գոյացել է շուրջ 5000 դոլար:
Ընդհանուր առմամբ հավաքվել է մոտ 60 հազար դոլար: Բրիտանական կայքում շարունակվող դրամահավաքի պայմաններից մեկը հետևյալն է. եթե գումարը լիովին չհավաքվի մինչև ժամկետի ավարտը՝ մարտի 20-ը, ապա հավաքագրված մնացած գումարը կսառեցվի և հետ կուղարկվի գումարը փոխանցողներին:
Արեն Մկրտչյանը նշեց, որ 13-ը խորհրդանշական թիվ է, իրենց նպատակը պատկան մարմինների և բարերարների ուշադրությունը գրավելն է՝ օրակարգ բերելով անօթևան ընտանիքների խնդիրը:
«SOS Գյումրին» գրավել է նաև միջազգային մամուլի ուշադրությունը: Al-Jazeera հեռուստաալիքը 30-րոպեանոց ռեպորտաժ է պատրաստել՝ անդրադառնալով Գյումրիում երկրաշարժից հետո առաջացած անօթևանության խնդրին և դրամահավաքին: Ներկայացվել են նաև Հայկ Բարսեղյանի՝ աղետի գոտին պատկերող լուսանկարները: Ապրիլին Գյումրի է այցելելու աշխատանքային խումբ՝ BBC (ԲիԲիՍի) հեռուստաընկերությունից:
Հավելենք, որ մարտի 20-ին ժամը 13.00-ից դրամահավաք է սկսվելու նաև Երևանի Հյուսիսային պողոտայում՝ «Գյումրին ունի մեր կարիքը» խորագրով: Զրուցակիցս ասաց, որ իրենց միացել են հազարավոր մարդիկ, աջակիցների շրջանակը շատ լայն է: Արեն Մկրտչյանը Ալավերդի քաղաքից է, ասաց, որ «SOS Գյումրի» նախաձեռնության անդամներից միայն Հայկն է գյումրեցի, մնացածը հանրապետության տարբեր մարզերից են և Երևանից։ Բարեգործական միջոցառումները շարունակվելու են նաև հետագայում, թե ինչ ֆորմատով և ուղղությամբ, դեռ հստակեցված չէ: Հավանաբար Գյումրիին կհաջորդեն սահմանամերձ շրջանները:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ